Վահանակիրները պտղատու ծառերի, դեկորատիվ բույսերի և թփերի տարածված վնասատուներից են, որոնք վնասում են՝ ծառերի շիվերի կեղևը, տերևները և պտուղները՝ դրանց վրա ապրելով և սնվելով։ Ծառերի վրա վնասատուի մեծ խտության և սննդառության արդյունքում տերևները թառամում են, ծառերի շիվերի ու ճյուղերի վրա առաջանում են ճաքեր. պայքարի համապատասխան միջոցառումների բացակայության դեպքում ողջ ծառը կարող է չորանալ։
Կալիֆորնյան վահանակիր - Quadraspidiotus perniciosus

Վնասատուն բազմակեր է (վնասում է մոտ 270 տեսակ պտղահատապտղատու, դեկորատիվ և անտառային բույսեր։ Ուժեղ վնասում է խնձորենին, անհամեմատ քիչ՝ սալորենին, ծիրանենին, տանձենին, հաղարջենին և ծորենին)։
Վնասատուն ձմեռում է երիտասարդ թրթուրի փուլում վահանիկի տակ՝ ծառերի շիվերի և ճյուղերի, բնի վրա։ Հաջորդ տարի, ծառերի հյութաշարժը սկսվելուն պես, թրթուրները շարունակում են իրենց սնումն ու զարգացումը։ Երկրորդ սերնդի վահանակրերը հիմնականում սնվում են պտուղներով: Պտուղների վրա սնման հետևանքով դրանց վրա առաջանում են կարմիր բծեր, որոնք միաձուլվելով առաջացնում են գոգավորություններ: Վահանակիրը կարող է տարածվել ինչպես ակտիվ (թափառողներ և թևավոր արուներ), այնպես էլ պասիվ ձևով (թափառողները տարածվում են քամու, միջատների կամ թռչունների, իսկ զարգացման տարբեր փուլերը՝ վարակված տնկանյութի հետ)։ Կախված տարածաշրջանի կլիմայական պայմաններից վնասատուն վեգետացիայի ընթացքում կարող է տալ մի քանի սերունդ (Հայաստանում նախալեռնային գոտում սովորաբար տալիս է երկու, իսկ Արարատյան դաշտում և Տավուշի մարզում՝ երեք սերունդ)։
Հայկական ստորակետանման վահանակիր - Lepidosaphes ulmi

Բազմակեր վնասատու է, վնասում է խնձորենին, տանձենին, սալորենին, ալոճենին, հաղարջենին, շլորենին, թթենին, ինչ որ չափով նաև հունական ընկուզենին և ձիթենին։
Հայկական ստորակետանման վահանակիրը ձմեռում է ձվի փուլում՝ վահանիկի տակ, ծառերի ճյուղերի և բնի վրա։ Գարնանը, երբ օդի ջերմաստիճանը 8ºC է և բարձր, ձվերից դուրս են գալիս թրթուրները։ Այդ շրջանը համընկնում է խնձորենու ծաղկման փուլին և ընթանում մինչև ծաղկման ավարտը։ Սառը եղանակային պայմաններում այդ պրոցեսը դանդաղում է, իսկ տաք եղանակին՝ ավելի արագ է ընթանում։ Թրթուրների ելքը ձվերից տևում է միջինը՝ 8-14 օր։ Սնման համար հարմար տեղ գտնելով, թափառող թրթուրները ծակում են հյուսվածքը և կնճիթով ամրանալով սկսում են սնվել բջջահյութով (թափառողներն առանց սնվելու կարող են գոյատևել 2 օր)։ Այդ պահից սկսած՝ թրթուրները կորցնում են շարժունակությունը, դրանց մարմինը հաստանում է, երկարում և 2-3 օր անց պատվում բաց մոխրագույն մոմանման արտազատուկով, որից էլ ձևավորվում է վահանիկը։
Ակացիայի կեղծ վահանակիրը - Parthenolecanium corni կամ European fruit lecanium

Ակացիայի կեղծ վահանկիրը լայնորեն տարածված է և լուրջ վնաս է հասցնում պտղատու ծառերին, դեկորատիվ բույսերին ու թփերին։ Չնայած իր անվանմանը, այն վնասում է ոչ միայն ակացիաներին, այլև սալորենուն, դեղձենուն, խնձորենուն, հաղարջենուն, խաղողի վազին և այլ։
Հասուն էգերն ունեն կլորավուն կամ ձվաձև, դեղնաշագանակագույնից մինչև մուգ դարչնագույն կիսագնդաձև փափուկ «վահանիկ» (որն իրականում նրանց մարմնի կարծրացած մաշկն է, այլ ոչ թե առանձին վահան, ինչպես իսկական վահանակիրների մոտ): Ակացիայի կեղծ վահանակիրը ձվադրում է սկսած ապրիլի երրորդ տասնօրյակի վերջից, մայիսի երկրորդ տասնօրյակում: Թափառողները ձվերից դուրս են գալիս մայիսի երկրորդ տասնօրյակից, որը շարունակվում է մինչև հունիսի վերջը: Դրանք շարժվում են դեպի սալորի եւ ծիրանի տերեւները, հիմնականում ամրանում դրանց ներքևի մակերեսին` կենտրոնական եւ երկրորդական ջղերի ուղղությամբ: Ակացիայի կեղծ վահանակիրը տարեկան տալիս է մեկ սերունդ:
Մոնիթորինգ (մշտադիտարկում)
Վնասատուի վահանիկները վաղ հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է կանոնավոր կերպով զննել այգու ծառերը։ Վնասատուի վնասակարության շեմը, որի դեպքում ծառերը չորանում են, 35 վահանակրի առկայությունն է երիտասարդ ծառի ճյուղի 10 սմ հատվածի վրա: Վեգետացիայի սկզբում անհրաժեշտ է դանակով բացել մի քանի վահանիկ և հակառակ կողմից դիտել խոշորացույցի տակ։ Դատարկ ձվերի առկայությունը հուշում է, որ ձվերից դուրս են եկել թրթուր թափառողները։ Այդ շրջանում կատարված ծառերի ցողումներն ապահովում են առավել բարձր արդյունավետություն։ Եթե մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ վնասատուի առկա պոպուլյացիայի խտությունը ճնշելու նպատակով անհրաժեշտ է կիրառել քիմիական միջատասպան պատրաստուկներ, իսկ հանգստի փուլում այս կամ այն պատճառով հնարավոր չէ դա իրականացնել, ապա գարնանը արուների թռիչքի ժամկետը որոշելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ֆերոմոնային թակարդներ։ Թակարդների կիրառման արդյունքում ստացված տվյալները կօգնեն պլանավորելու պայքարի միջոցառումները։ Թափառողների մոնիթորինգի նպատակով կարելի է օգտագործել նաև միջատաբանական սոսնձով պատված ժապավեններ (թաղանթներ)։
Քիմիական պայքար
Քիմիական միջոցառումների իրականացումը պետք է սկսել փետրվարի վերջից մինչև մարտի վերջն ընկած ժամանակաընթացքում, երբ սկսվում է ծառերի հյութաշարժը, սակայն բողբոջները դեռևս չեն բացվել։ Այգիներն անհրաժեշտ է սրսկել, երբ օդի և հողի ջերմաստիճանը բարձրանում է 4ºCից, որպեսզի ցողման ջուրը չսառչի։ Մշակումն իրականացնում են կոնտակտ ազդեցության կամ հանքային յուղերից ստացված միջատասպան պատրաստուկներով՝ լվացման մեթոդով, այսինքն՝ ծառերն անհրաժեշտ է լիովին պատել թունաքիմիկատի լուծույթով։ Վնասատուի երկրորդ սերնդի թափառող թրթուրների դեմ՝ վահանիկների տակից դրանց դուրս գալուց անմիջապես հետո բույսերն անհրաժեշտ է սրսկել խնձորենու ծառերի ծաղկաթափից հետո, այնուհետև սրսկումը կրկնել 7-10 օր անց ։