Լոլիկի բույսերը և պտուղները կարող են վնասվել վեգետացիայի բոլոր փուլերում՝ սածիլից մինչև հասուն բույս, ինչպես նաև բերքահավաքի և փաթեթավորման ընթացքում։
Ձվերից դուրս եկած երիտասարդ թրթուրները թափանցում են լոլիկի բողբոջների, ծաղիկների, չհասունացած, հետագայում՝ նաև հասունացած պտուղների, տերևների կամ ցողունի մեջ, որտեղ սնվում են և զարգանում՝ առաջացնելով արտաթորանքով լցված ականներ ու անցուղիներ։
Վնասատուն արագ հարմարվում է տարբեր բնակլիմայական պայմաններին և կիրառվող պեստիցիդներին: Թրթուրը չի անցնում ժամանակավոր դադարի այնքան ժամանակ, քանի դեռ սնունդը հասանելի է։
Պտուղները ձևավորումից անմիջապես հետո կարող են վնասվել, իսկ դրանց վրա բացված անցուղիները կարող են երկրորդային ախտահարման ենթարկվել տարբեր միկրոօրգանիզմների կողմից ու փտել։ Ցեցով վնասվելու հետևանքով լոլիկի բերքի կորուստները կարող են կազմել մինչև 100 % կորուստ։ Բարենպաստ պայմաններում, օրինակ՝ ջերմատներում, վնասատուն կարող է զարգանալ ողջ տարվա ընթացքում, իսկ ամռանն այն ջերմատնից կարող է տեղափոխվել բաց դաշտ։
Բարձր կենսաբանական արդյունավետություն ապահովելու համար վեգետացիայի ընթացքում վնասատուի դեմ պետք է կիրառել տարբեր բաղադրությամբ, ազդող նյութով, ազդման բնույթով քիմիական և կենսաբանական պատրաստուկներ:
