ՀՀ-ում տարածված են մի շարք մկնանման կրծողներ, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսական մշակաբույսերին: Դաշտամկները (Microtinae) պատկանում են կրծողների կարգի ՝ համստերանմանների ընտանիքի ենթաընտանիքին։ Հայաստանում տարածված են ՝ թփուտային դաշտամուկը, հասարակական դաշտամուկը, սովորական դաշտամուկը , ձնային դաշտամուկը և այլն։ Դաշտամկների մեծ մասն ապրում է գաղութներով՝ վարելահողերում, թփուտներում, այգիներում, քարակույտերում և այլ վայրերում։ Փորում են խորը բներ, ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում։ Նրանք խոշոր վնաս են հասցնում խնձորի և այլ պտղատու այգիներին, հացահատիկի ցանքատարածություններին, բանջարբոստանային մշակաբույսերի դաշտերին: Դաշտամկների բազմացմանը նպաստող ամենալավ պայմաններն են հանդիսանում չմշակված դաշտերը, բազմամյա բույսերի ցանքերը և չօգտագործվող խոտածածկ տարածքները: Ցորենը, առվույտը և բանջարաբոստանային մշակաբույսերը նպաստում են դաշտային մկների բազմացմանը՝ հանդիսանալով սննդի աղբյուր: Նրանք վնասում են ցորենը, գարին և այլ մշակաբույսեր, իրենց զարգացումից անմիջապես հետո և շարունակում են սնվել նորածիլ մշակաբույսերով՝ վնասելով դրանց վերգետնյա մասերը: Մոլախոտային բուսականությունը նպաստում է դաշտային մկների բնակավայրերի ստեղծմանը: Շատ կարևոր է հայտնաբերել դաշտամկների խմբերի խտությունը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքար կազմակերպել: Դաշտամկները պատրաստում են 3 սմ տրամագծով բնանցքեր և ապրում են խմբերով կամ գաղութներով: Բնանցքերը իրար հետ կապված են մակերեսային բազմաթիվ ուղիներով: Նրանք հիմնականում նախընտրում են խիտ խոտածածկ բնակավայրերը, որոնք ապահով են հանդիսանում մակերեսային ուղիներ կառուցելու, տեղից տեղ տեղափոխվելու և սնվելու ժամանակ:
Սովորական դաշտամուկ – (Microtus arvalis)

Հայաստանում տարածված է բոլոր կլիմայական գոտիներում, հազվադեպ հանդիպում է նաև անտառներում և մերձարևադարձային կիսաանապատներում (830-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է խոպան տարածքներում, վարելահողերում, այգիներում, հացահատիկային և այլ մշակաբույսերի ցանքերում, թփուտներում, քարակույտերում, երբեմն՝ բնակավայրերում։ Բազմանում է տարին 4-5 անգամ։ Հղիությունը տևում է 18-20 օր։ Ունենում է մինչև 11ձագ։ Ակտիվ գործում է տարվա բոլոր եղանակներին։
Հասարակական դաշտամուկ – (Microtus Socialis)

Հանդիպում է Հայաստանի, հարավարևելյան և Արարատյան դաշտի կիսաանապատների առանձին կղզիացած վայրերում։ Սնվում է խոտաբույսերով, սերմերով, միջատներով, կրծում ծառերի և թփուտների արմատները , վնասում է գյուղատնտեսական մշակաբույսերին և մի շարք վարակիչ հիվանդությունների կրող է։ Բազմանում է տարին մինչև 5 անգամ։ Հղիությունը տևում է 19-20 օր։ Ունենում է 5-8 (երբեմն ՝ 18) ձագ։ Ակտիվ գործում է տարվա բոլոր եղանակներին (ամռանը և ձմռանը հողի մակերեսին գործունեությունը նվագում է)։
Թփուտային դաշտամուկ – (Microtus majori)

Հայաստանում տարածված է հյուսիսային մարզերի անտառներում։ Սնվում է խոտաբույսերով , կաղնու , հաճարենու և այլ ծառերի ընկուզիկներով , սերմերով , երբեմն պահեստավորում է բույսերի արմատները։ Բազմանում է տարին 4-5 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում 3-4 ձագ։ Ակտիվ գործում է ամբողջ օրվա ընթացքում։ Վնասում է անտառներին հարակից ցանքերը, այգիներն ու տնկարկները։
Դաշտամկների դեմ արդյունավետ պայքարը ներառում է՝
- Ագրոտեխնիկական միջոցներ – հողի ժամանակին և որակյալ մշակում, մոլախոտերի ու բուսական մնացորդների հեռացում։
- Մշտադիտարկում – պարբերաբար ստուգել դաշտը, հայտնաբերել ակտիվ բները և անցուղիները։
- Մեխանիկական պայքար – ակտիվ բների ոչնչացում և անհրաժեշտության դեպքում թակարդների կիրառում։
- Կենսաբանական միջոցներ – նպաստել բնական թշնամիների՝ գիշատիչ թռչունների և այլ կենդանիների պահպանմանը։
- Քիմիական պայքար – բարձր վարակվածության դեպքում կիրառել գրանցված ռոդենտիցիդային խայծեր՝ ակտիվ բներում կամ պաշտպանված խայծակայաններում։
Ռոդենտիցիդների (մկնասպանների) կիրառումը
- Կիրառել խայծի ձևով՝ ակտիվ բների և անցուղիների մոտ։
- Նախընտրելի է տեղադրել բնի մեջ կամ փակ խայծակայանում։
- Չցրել բույսերի վրա և չխառնել ոռոգման ջրի հետ։
- Կիրառել պիտակի ցուցումներին համապատասխան նորմայով։
- Մի քանի օր անց ստուգել ակտիվությունը և անհրաժեշտության դեպքում կրկնել կիրառումը։